Beeline Smart սմարթֆոնների առաջին 2 խմբաքանակները Հայաստանում գրեթե ամբողջովին վաճառվել են։ Այս մասին մայիսի 19-ին լրագրողներին հայտնել է Հայաստանում «Բիլայնի» գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը

2014թ. դեկտեմբերին, երբ ներկայացվել էր Beeline Smart-ի առաջին խմբաքանակը, GfK  ընկերության վիճակագրության համաձայն, ընկերությունը իրացրել էր 3 712 հեռախոս։ «Այդ հեղինակավոր  ընկերության տեղեկություններով՝ մենք այդ ժամանակաշրջանում երկրում վաճառքի բացարձակ ռեկորդ ենք գրանցել»,- նշել է Պյատախինը։

Ապրիլին սկսվել է սմարթֆոնների 2-րդ խմբաքանակի վաճառքը, եւ մեկ ամսվա ընթացքում վաճառվել է մոտ 4 հազար հեռախոս։ Երեւանում Beeline Smart-ը իրացվել է գրեթե ամբողջովին։

«Եթե մեր հեռախոսը այդքան սիրում են, նշանակում է այն հարմար է, նշանակում է այն ամենաշահավետն է եւ հետաքրքիրը։ Կարծում եմ, որ սպառողին գրավում է ոչ միայն սմարթֆոնի գինը, այլեւ ինտերնետին միանալու մեր սակագները։ Այդ պատճառով շատերի համար մեր սմարթֆոնները դառնում են ինտերնետին միանալու առաջին սարքը»,- նշեց Պյատախինը։

«ԱրմենՏել»-ը Հայաստանի հեռահաղորդակցման կապի օպերատորներից եւ խոշոր հարկատուներից մեկն է։