Օգոստոսի 3-ին ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դեպի արեւելք:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Քրիստո Քրիստովը (Բուլղարիա):
Հակառակ կողմից դիտարկումն անց են կացրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ փոխգնդապետ Անտալ Հերդիչը (Հունգարիա) եւ Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):
Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ ԱԳՆ-ի եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:




























