Մոսկվայում հարձակում է կատարվել մայրաքաղաքի խոշորագույն զվարճանքի կենտրոններից մեկի սեփականատիրոջ որդու վրա:
Այդ օրը նա երեկույթից վերադառնալիս է եղել Վարշավյան փողոցում գտնվող իր տուն: Որոշ տվյալներով, հայրը պարբերաբար որդուն միլիոններ էր տալիս գրպանի ծախսերի համար, եւ այդ ժամանակ նա հասցրել էր ծախսել միայն գումարի մի մասը: Երիտասարդին ուղեկցել է 28-ամյա թիկնապահը, որն էլ վաղուց ծրագրեր էր մշակում իր պաշտպանյալին թալանելու ուղղությամբ, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Հարմար պահ ընտրելով` թիկնապահը կապվել է շքամուտքում թաքնված հանցակիցների հետ: Երբ միլիոնատիրոջ որդին բացել է դուռը, չարագործները ներխուժել են տուն, ծեծի ենթարկել տղային եւ տան աշխատողին, մի քանի հարված էլ ձեւի համար հասցրել են թիկնապահին: Հանցագործների բաժին է դարձել կես միլիոնը, նաեւ տղայի հոր զարդանկարված բրաունինգը, որ նա ստացել էր Հայաստանի առաջին դեմքերից մեկից:
Ոստիկանները թիկնապահին ստուգել են ստի դետեկտորով եւ նա մատնել է իր հանցակիցներին: Հանցագործներին ձերբակալել են, իսկ գումարը վերադարձրել հայ օլիգարխի որդուն: Անվանական ատրճանակը հանցագործները նետել էին Մոսկվա գետի մեջ: Նշենք, որ պարբերականը չի հայտնում հայ օլիգարխի եւ նրա որդու անունը:




























