Ո'չ ՄԱԿ-ը, ո'չ միջազգային դատարանը չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը: Այս մասին օգոստոսի 3-ին կայացած ասուլիսում հայտարարեց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, հավելելով, որ այդ հարցի շուրջ բարձրացված աղմուկը չափազանցված է:
«Դատարանն ասել է, որ ոչ ոք չի արգելում ազգային միավորներին հռչակել իրենց անկախությունը, բայց ոչ ավելին»,- նշեց Իսկանդարյանն ու ընդգծեց, որ Կոսովոյի անկախության հարցը լուծվել է ոչ թե 2010-ին` Հաագայի դատարանի կողմից, այլ 1999-ին` ԱՄՆ-ի կողմից:
«Քվեարկել են 15 մարդ, սակայն բացի Մեքսիկայի ներկայացուցչից, ոչ ոք հանդես չի եկել իր երկրի դիրքորոշումից տարբերվող դիրքորոշմամբ: Տեսեք. Դեմ էին Ռուսաստանի, Սլովակիայի, Բրազիլիայի եւ Մարոկոյի ներկայացուցիչները եւ նման դասավորությունը հայտնի էր ավելի վաղ»,- հայտարարեց քաղաքագետը, հավելելով, որ «այնտեղ նստած էին կարիերա անող դիվանագետներ, որոնցից ոչ մեկը չի ցանկանում խաչ խաշել իր ապագայի վրա»: Իսկանդարյանի ներկայացմամբ, Կոսովոյի հետ կապված զարգացումները կրում են քաղաքական բնույթ, ոչ թե իրավական կամ ժողովրդագրական:
Անդրադառնալով ԼՂ խնդրին, նա նշեց, որ այստեղ ամեն բան այնքան էլ պարզ չէ: «Իրավաբանորեն, այս հարցերը նույնական են, բայց եթե Ղարաբաղի ժողովուրդը ինքը հաղթեց պատերազմը, ապա Կոսովոյին օգնեցին: Եթե Ղարաբաղն ինքն է կառուցել իր երկիրը, ապա Կոսովոն կառուցում են դրսից: Եթե Ղարաբաղին ոչ ոք չի օգնում, ապա Կոսովոյի թիկունքում կանգնած է ԱՄՆ-ը»:
Իսկանդարյանի խոսքով, աշխարհում, տարբեր հաշվարկներով, հաշվվում է 50-70 սուբյեկտ, որոնք ցանկանում են հասնել անկախության եւ պետք չէ սպասել, որ նրանք բոլորը դա կստանան: «Անկախության հարցը երկար ու բարդ գործընթաց է, որը չի լուծվում դատարանի միջոցով»,- իր խոսքն ամփոփեց քաղաքագետը:




























