Ադրբեջանը գտնվում է պերմանենտ անբավարարվածության վիճակում: Այդ մասին օգոստոսի 3-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Տարածաշրջանում ուժերի դասավորությունը փոխվել է, փոխվել է իրավիճակը, փոխվում է տարածաշրջանը, եւ դա Ադրբեջանին նյարդայնացնում է: Նրան ասում են՝ «լսեք, մոռացեք Ղարաբաղի մասին եւ եկեք քննարկենք հարակից տարածքները»: Եւ դա աղետ է Ադրբեջանի համար»: Քաղաքագետի խոսքով, Ադրբեջանը պարզապես վախենում է:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 համալիրների հնարավոր վաճառքին, Իսկանդարյանի կարծիքով, նա խաղում է երկու կողմերի վրա: «Երբ խոսում են C-300-ների մասին, ես հարցնում եմ՝ մենք, ի՞նչ է, զենք ենք գնում Պարագվայից: Կա այսպիսի հասկացություն՝ տարածաշրջանային հավասարակշռություն, եւ Ռուսաստանի գործողությունները տեղավորվում են այդ շրջանակներում: Գործ ունենալով Ադրբեջանի հետ՝ Ռուսաստանի հաշվի է առնում Հայաստանին, եւ հակառակը: Ռուսաստանն իր քաղաքականությունն է վարում Հարավային Կովկասում»,- ասել է Իսկանդարյանը՝ նկատելով, որ գործարքի տեղեկությունը չի հաստատվել դեռ:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, «Վեդոմոստին» տեղեկություն էր տարածել, որ Ռուսաստանը Ադրբեջանին C-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրների երկու դիվիզիոն է վաճառելու:




























