Փաստաբան Վահե Հովսեփյանը պատրաստվում է Վճռաբեկ դատարանում վիճարկել Վարչական դատարանի վճիռը` գազի սակագնի բարձրացման դեմ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ ներկայացված դատական հայցի վերաբերյալ: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց փաստաբանը: Նա նշեց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում վճռաբեկ բողոք կներկայացնի եւ այժմ աշխատանքներ է տանում բողոքի կազմման ուղղությամբ: Եթե դատական այդ ատյանն էլ անփոփոխ թողնի վարչական դատարանի հայցը, ՀԱԿ-ը պատրաստվում է դիմել Մադու իրավունքների եվրոպական դատարան: Նշենք, որ Վարչական դատարանը հուլիսի 26-ի իր նիստում մերժել է գազի սակագնի բարձրացման դեմ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ, հազարավոր գազ սպառողների կողմից ներկայացված դատական հայցը:

Հիշեցնենք, որ դեռեւս 2010-ի ապրիլի 7-ին, ՀԱԿ-ի նախաձեռնությամբ, 7230 քաղաքացիներ հայց էին ներկայացրել  եւ պահանջում էին անվավեր ճանաչել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 26-ի որոշումը: Այդ որոշմամբ, ապրիլի 1-ից ՀՀ քաղաքացիները 1000 խմ գազի դիմաց վճարում են 132 հազար դրամ` նախկին 96 հազարի դիմաց, իսկ խոշոր սպառողները վճարում են 243.13 դոլար` նախկին 215 դոլարի փոխարեն: