ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը այսօր` օգոստոսի 3-ին «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»-ի ծախսերի սահմանաչափը 2010 թ. համար սահմանել է 100 մլն դրամ (մոտ 270 հազ. դոլար), ինչպես նաեւ միության անդամություն է շնորհել «Ռասկո» ապահովագրական ՍՊԸ-ին։

Նշենք, որ Բյուրոն իրականացնելու է պարտադիր ավտոապահովագրության նորմատիվ դաշտի կարգավորումը՝ ապահովագրական ընկերությունների համար մշակելով պարտադիր վարքագծի կանոններ։ Բյուրոյի հիմնական խնդիրներից մեկը տուժած անձանց շահերի պաշտպանությունն է։

Կենտրոնական բանկից բացի՝ Բյուրոյին կարող են անդամակցել այն ապահովագրական ընկերությունները, որոնք ունեն համապատասխան լիցենզիա եւ ՀՀ յուրաքանչյուր մարզում մշտապես գործող առնվազն մեկ մասնաճյուղ կամ գործակալ։

Հիշեցնենք, որ 2011 թ. հունվարի 1-ից Հայաստանում գործելու է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը։ Ենթադրվում է, որ դրա արդյունքում ապահովագրական շուկան կտրուկ կակտիվանա։