ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ, օգոստոսի 3-ին աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է տարածքային նախարարության մամուլի ծառայությունից, այստեղ «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի շրջանակում «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» կազմակերպությունը ֆերմերների աջակցության ծրագրեր է իրականացնում: Արմավիրի մարզ են այցելել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրեն Ալեքս Ռասինը, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:
Հայթաղ, Առատաշեն համայնքներում հյուրերը ծանոթացել են ծրագրի շահառուներ Արամայիս Մելքոնյանի, Վահրամ Հարությունյանի տնտեսություններին, զրուցեց լիզինգով տրակտորներ ձեռք բերած գյուղացիների հետ: «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» կազմակերպության աջակցությամբ Արամայիս Մելքոնյանը կառուցել է 1067 քմ ապակեպատ ջերմոց` ծաղկաբուծությամբ իր համար ապահովելով կայուն եկամուտներ: Այժմ ցանկանում է անցկացնել կաթիլային ոռոգման համակարգ, ինչը հնարավորություն կտա ջերմոցից ավելի վաղ բերք ստանալ: Ծրագրի շահառուներից Վահրամ Հարությունյանին կազմակերպությունը հնարավորություն է տվել հիմնել եւս 8 հա խաղողի այգի` ընդլայնելով սեփական միջոցներով հիմնած 24 հա այգին:
Արմեն Գեւորգյանը կարեւորել է գյուղական տնտեսությունների աջակցության ծրագրերը գյուղական զբաղվածության մակարդակի, շուկայում տեղական գյուղմթերքի մրցունակության բարձրացման առումներով, նշելով, որ դրանք առաջին հերթին նպաստում են գյուղական բնակավայրերի զարգացմանը:
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» կազմակերպությունն Արմավիրի մարզում տրամադրել է 85 վարկ` 326.570.000 ՀՀ դրամ արժողությամբ, որից` ՀՄՀ-Հայաստան «Ջրից դեպի շուկա» ծրագրի շրջանակներում` 63 վարկ: Կազմակերպության կողմից ֆինանսական վարձակալությամբ տրամադրված 33 տրակտորներից 12-ը հատկացվել է Արմավիրի մարզի գյուղերին:Ծրագրի շրջանակում մարզում կառուցվել են ջերմոցներ, չորանոցներ, սառնարաններ, հիմնվել են այգիներ, լիզինգով տրամադրվել է գյուղտեխնիկա:
Փոխվարչապետը ծանոթացել է նաեւ «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի 3-րդ կարգի ջրագծերի վերականգնման 1-ին փուլով Հայթաղ համայնքում իրականացվող ջրագծերի վերակառուցման շինարարական աշխատանքներին:




























