Հայաստանյան մաքսային համակարգը ստեղծում է սեփական կինոլոգիական կենտրոնը, որի համար արտասահմանից հատուկ մասնագետ-շներ են բերվել: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, «մաքսավոր-խուզարկուները» (շները) հատուկ վերապատրաստում են անցել Լեհաստանի ոստիկանությանը պատկանող կինոլոգիայի դպրոցում, որը 50 տարվա պատմություն ունի եւ հայտնի է բարձրակարգ մասնագետներով:
ՀՀ ՊԵԿ այս քայլը մաքսային ծառայության համակարգի հերթական բարեփոխումն է, որն ուղղված է արդյունավետ հսկողական մեխանիզմների կատարելագործմանը: Դեռեւս Հայաստան կատարած այցի ժամանակ Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան ընդգծել էր, որ մտադիր են տարածաշրջանում հենց Հայաստանը դարձնել օրինակելի պետություն, եւ մաքսային ընթացակարգերի բարեփոխման ոլորտում նրա ձեռք բերած փորձը ներկայացնել մյուս երկրներում: Կ. Միկուրիան նկատել է, որ հայաստանյան մաքսային ծառայության ղեկավարությունը մեծ ցանկություն ունի կատարելագործել ե'ւ մաքսային ընթացակարգերը, ե'ւ հսկողական մեխանիզմները` շարունակելով դրանք համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:
«Աշխարհագրական դիրքից ելնելով` ինչպես տարածաշրջանի մյուս երկրներում, Հայաստանում եւս առկա է մաքսանենգության բարձր ռիսկ, պարզապես ձեզ մոտ շատ մեծ է այդ խնդրի դեմ պայքարելու ցանկությունը: Այստեղ հիմնական բանալին մարդկային գործոնի դերն է, կադրային ռեսուրսների ճիշտ կառավարումը»,- նշել է ՀՄԿ ղեկավարը:
«Մեր երկրի մաքսային ծառայությունում աշխատելու ցանկություն ունեցող շները վերապատրաստումից հետո լիարժեք պատրաստ են անցնել ծառայության տարբեր մաքսատներում»,- լրագրողներին հայտնել է ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության կինոլոգիական խմբի ղեկավար Կարեն Հակոբյանը:
ՊԵԿ-ն արել է հնարավորը` խուզարկու շներին արժանավայել պայմաններում դիմավորելու համար: Պակաս կարեւոր չէ նաեւ շների տերերի` հայ կինոլոգների վերապատրաստումը, ինչը եւս կատարվել է միջազգային չափանիշներին համապատասխան: Մաքսավոր-կինոլոգները եւս Լեհաստանում են վերապատրաստվել` յուրաքանչյուրն իր շան հետ:
ՊԵԿ համակարգում աշխատանքի անցնող շները մասնագիտացել են հիմնականում թմրանյութ հայտնաբերելու ուղղությամբ: Հետագայում մաքայինի կինոլոգիական կենտրոնը կունենա նաեւ պայթուցիկ հայտնաբերող շներ:
Մինչ դասընթացը՝ յուրաքանչյուր շուն հատուկ փորձություն է անցել, ինչի միջոցով որոշվել է նրա առողջական վիճակը, մաքսայինում ծառայելու ունակությունների մակարդակը: Փորձությունից հետո աչքի ընկած ապագա մասնագետներն անուն են ստացել եւ գրանցման հատուկ համար: Դասընթացի ավարտին ե'ւ կինոլոգներին, ե'ւ մասնագետ-շներին տրվել է համապատասխան որակավորման վկայական, որը համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին:




























