ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման համաձայն՝ 2010 թ. շաքարավազի գները համաշխարհային շուկայում կդրսեւորեն աճի միտումներ` պայմանավորված շաքարավազի սպառման ռեկորդային բարձր մակարդակով՝ մինչեւ 158 մլն տոննա։

Սակայն գների կտրուկ աճը կզսպվի շաքարավազի արտադրության զգալի աճով։ ԱՄՆ Գյուղդեպարտամենտի գնահատումների համաձայն՝ 2010-11 մարքետինգային տարում սպասվում է 164 մլն տոննա շաքարավազի արտադրություն, ինչը 12 մլն տոննայով ավելի է նախորդ տարվա ծավալներից։ Համաշխարհային արտադրության աճը հիմնականում տեղի կունենա շաքարավազի արտադրության հետեւյալ խոշոր կենտրոններում՝ Բրազիլիա (աճը՝ 12 տոկոս), Հնդկաստան (աճը՝ 27 տոկոս), Չինաստան (աճը՝ 21 տոկոս): Իսկ Եվրամիությունում, ընդհակառակը կանխատեսվում է շաքարավազի արտադրության 17 տոկոս անկում։ Արդյունքում կանխատեսվում է, որ շաքարավազի համաշխարհային պաշարները կավելանան 2 տոկոսով՝ կազմելով մոտ 27 մլն տոննա։

Ներկայում շաքարավազը Հայաստանի մանրածախ առեւտրի ցանցում վաճառվում է կգ-ը 300 դրամով (մոտ 0,8 դոլար): Տարեսկզբի համեմատ շաքարավազը էժանացել է մոտ 30 դրամով կամ 9 տոկոսով։ Սակայն նշենք, որ հունվար-մայիսին միջազգային շուկայում շաքարավազն էժանացել էր 55 տոկոսով, այսինքն՝ Հայաստանում գների անկումը համահունչ չէր միջազգային զարգացումներին։

Մայիսից հետո շաքարավազի միջազգային գները դրսեւորել են ոչ մեծ  աճի միտումներ։ Այսպես՝ անցյալ շաբաթվա ընթացքում շաքարավազի միջազգային գինը բարձրացել է 6,8 տոկոսով։ Երեկ Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում շաքարավազի տոննան վաճառվել է 585,7 դոլարով, իսկ հումքը՝ 432 դոլարով՝ պահպանելով չափավոր աճի տեմպը։ Այս շուկայի փորձագետների մեծ մասն այն կարծիքին է, որ եւ շաքարավազը, եւ նրա հումքը առաջիկայում կշարունակեն թանկանալ։ Որպես պատճառներ նշվում են Բրազիլիայից հումքի մատակարարման խափանումները եւ ասիական տարածաշրջանում սպառման շեշտակի աճը։

Հայաստանում շաքարավազի գնաճի միտումները դեռ չեն արտահայտվում, այնինչ դրանք արդեն առկա են Ռուսաստանում, որտեղ, ի դեպ, շաքարավազն ավելի թանկ է, քան Հայաստանում։ Այսպես՝ Կրասնոդարում, որը Ռուսաստանում շաքարավազի գնագոյացման կենտրոնն է, շաքարավազի մեծածախ գինը 26,70 ռուբլի է 1 կգ-ի դիմաց, որը համարժեք է 326 դրամին։ Փորձագետները նշում են, որ օգոստոսի համար դա արդեն բարձր մակարդակ է, բայց դրան անուղղակիորեն նպաստել է երաշտը։ Ենթադրվում է, որ դեկտեմբերին շաքարավազի մանրածախ եւ մեծածախ գները Ռուսաստանում կնվազեն, իսկ միջազգային շուկայի միտումները կարտահայտվեն նոյեմբերի կեսերից։

Հայաստանում արդեն սկսել է շաքարավազ արտադրվել Գյումրիի նորակառույց գործարանում, որը սակայն հումքը ձեռք է բերելու արտասահմանից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային շուկայում հումքի գնի բարձրացում նույնպես տեղի է ունենում, ինչպես նաեւ այն, որ այս շուկայում մրցակցություն չկա, ամենայն հավանականությամբ՝ շաքարավազի գների ոչ մեծ բարձրացումը մեզ մոտ կլինի անխուսափելի։