Բուլղարիայի ազգային շահերի պաշտպանության քաղաքականության շրջանակներում «Հարավային հոսք» գազատարի գաղափարը հնարավոր է որեւէ կերպ վերածնվի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  նման կարծիք է հայտնել Բուլղարիայի Ազգային Ժողովի պատգամավոր Յանակի Ստոիլովը։

Նրա խոսքով՝ ամեն դեպքում Բուլղարիան արտաքին ճնշման եւ ներքին որոշ պատճառների հետեւանքով մեծ հնարավորություններ է կորցրել այն դեպքում, երբ երկիրը Ռուսաստանի գազային նախագծի համար առանցքային նշանակություն ուներ որպես դարպաս դեպի Եվրոպա։ Սակայն, ըստ նրա, լավատեսորեն կարելի է ակնկալել, որ «Հարավային հոսքը» ինչ-եր կերպ կվերածնվի՝ որպես զուգահեռ «Թուրքական հոսքին»։

Պատգամավորի կարծիքով՝ դրա համար անհրաժեշտ է այնպիսի քաղաքականություն վարել, որտեղ առանցքայինը կլինի ազգային շահը եւ որը, սակայն, կհամագործակցի Եվրահանձնաժողովի հետ։ «Սակայն այդ դեպքում ամենից առաջ անհրաժեշտ է բանակցել Ռուսաստանի եւ Եվրահանձնաժողովի հետ, որպեսզի  նախագիծը հնարավորինս եվրոպական լինի։ Դա կարեւոր է ոչ միայն էներգետիկ մատակարարումների համար, այլ ընդհանրապես Հարավարեւելյան Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար»,- նշեց Ստոիլովը։

Հիշեցնենք, որ «Հարավային հոսքը» պետք է դառնար ռուսական գազը Սեւ ծովով եւ Բուլղարիայով  Եվրոպա արտահանող նոր երթուղին։ Նախատեսվում էր տարեկան Եվրոպա մատակարարել 63 մլն խ/մ ռուսական գազ։