Լեհաստանում մայիսի 24-ին նախագահի ընտրությունների երկրորդ փուլն է: Երկրի ղեկավարի պաշտոնի հիմնական թեկնածուներն են Լեհաստանի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին (իշխող «Քաղաքացիական հարթակ» կուսակցության աջակցությամբ) եւ երկրի խոշորագույն ընդդիմադիր «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունից Անջեյ Դուդան:

62-ամյա Կոմորովսկին մայիսի 10-ին կայացած առաջին փուլում իր հիմնական մրցակցին՝ 43-ամյա Դուդային պարտվեց 1% քվեով:

Լեհաստանում տեղական ժամանակով առավոտյան 07:00-ից ավելի քան 27 հազար ընտրատեղամասեր են բացվել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Լեհաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում թեկնածուների հնարավորությունները գրեթե հավասար են: Այս մասին են վկայում մայիսի 22-ին անցկացված հարցման արդյունքները:

IBRiS հետազոտական կենտրոնի արդյունքների համաձայն, երկրորդ փուլում Կոմորովսկիի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 46.7%-ը, Դուդայի օգտին՝ 46%-ը: Ընդ որում, 7%-ը հայտարարել է, որ դեռեւս չի կողմնորոշվել ընտրության հարցում: Քվեարկությանն ընտրողների 55.9%-ի մասնակցություն է ակնկալվում: