Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը օգոստոսի 3-ին այցելել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ջոկատի ուղեկալներ:

ԱԱԽ քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանն ասել է, թե Հայաստանը ձեռնամուխ է եղել սահմանային անվտանգության ռազմավարության մշակմանը, որը ենթադրում է նաեւ սահմանային անցակետերի եւ ենթակառուցվածքների արդիականացման ծրագրի մշակում եւ իրականացում: «Այցելությունը սահմանային անցակետեր հնարավորություն կտա լավ հասկանալ առկա խնդիրները եւ դրանց լուծման կոնկրետ ծրագրեր մշակել: Հայաստանի սահմանները հուսալիորեն պաշտպանված են»,-  լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արթուր Բաղդասարյանը:

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը նշել է, որ սահմանների պաշտպանության հարցը մեծ ուշադրության է արժանանում Հայաստանի նախագահի, անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից. «Հայաստանի պետական սահմանին իրավիճակը կայուն է, անհանգստությունների տեղիք տվող խնդիր չկա»:

Հայաստանի պետական սահմանը գերազանց պահպանելու համար Ազգային անվտանգության խորհրդի շնորհակալագրով պարգեւատրվել են մի խումբ ռուս սահմանապահներ: Արթուր Բաղդասարյանը նաեւ նվերներ է հանձնել սահմանապահների երեխաների համար գործող մանկապարտեզին: Սահմանային անվտանգության խնդիրներին ցուցաբերած մեծ ուշադրության համար Վիկտոր Վլասովն Արթուր Բաղդասարյանին շնորհել է հուշամեդալ: