Սոցիալական ցանցերը եւ վիրտուալ շփումները կարող են նպաստել ինքնասպանությունների հետաձգմանը եւ կանխմանը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց  «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանը։ Նրա ներկայացմամբ՝ երբ մարդը վիրտուալ միջավայրում հաղորդակցվում է որեւէ մեկի հետ, նա կարծես հաղորդակցվում է ինքն իր հետ, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ, եթե միայն հետագայում նա չմեկուսանա իրական կյանքից։

«Վիրտուալ միջավայրում մարդը շատ ավելի ազատ է, քան իրականում, ինչի պատճառով վիրտուալը հաճախ շատ ավելի հաճելի է դառնում, քան իրականը՝ հատկապես դեռահասության եւ պատանեկության շրջանում»,-ասաց Ռ. Պողոսյանը՝ ավելացնելով, սակայն, որ երբեմն վիրտուալ շփումների պատճառով մարդիկ պարզապես կորցնում են իրականության զգացողությունը, ինչը երբեմն հոգեկան խեղումների պատճառ կարող է դառնալ։

«Վիրտուալ ծանոթությունների արդյունքում մարդիկ հաճախ երեւակայական իրականության մեջ են հայտնվում, ինչպես երազում, ինչը մի տեսակ զմայլանքի է նման։ Իսկ վիրտուալ ծանոթությունները եւ հատկապես սիրային հարցերը, տեղափոխվելով իրականություն, հաճախ շատ խորը հիասթափությունների պատճառ են դառնում»,- ասաց հոգեբանը։