Իրավիճակը իսրայելա-լիբանանյան սահմանին այս պահին հանդարտ է եւ ռազմական գործողությունները դադարել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին քիչ առաջ հայտնեց Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, «Մարտի 14»-ի դաշինքի ներկայացուցիչ Սեպուհ Կալպակյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Իսրայելը կրկին կրակ բացի Լիբանանի ուղղությամբ, պատգամավորն ասաց, թե առայժմ այդ մասին որեւէ բան ասել չի կարող: Նա նշեց, որ ներկայումս Լիբանանի ղեկավարությունը կապվում է ՄԱԿ-ի ուժերի հետ, որպեսզի վերջիններս թույլ չտան Իսրայելի կողմից ռազմական գործողությունների կրկնությունը: Կալպակյանի տվյալներով՝ Լիբանանի բանակի 3 զինվոր զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել: Քաղաքացիների շրջանում եւս վիրավորներ կան: Նրանց թիվը դեռեւս ճշտված չէ:
Հիշեցնենք, որ Իսրայելը կրակով է պատասխանել Լիբանանին այն բանից հետո, երբ լիբանանյան մի քանի հրթիռներ ընկել են Իսրայելի հյուսիսի վրա: Երկու երկրների սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել: Համաձայն արեւմտյան լրատվամիջոցների՝ իսրայելական տանկը գնդակոծել է Լիբանանի տարածքը, ինչին լիբանանցիները պատասխանել են հրետանու կրակով: Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ հյուսիսային Կիրյաթ-Շմոնա եւ Կֆար-Գիլադի բնակավայրերում գնդակոծում է տեղի ունեցել, սակայն արկերի անկման վայրը դեռ հայտնի չէ:




























