Իսրայելա-լիբանանյան սահմանին տեղի ունեցած միջադեպը չի ունենա լուրջ հետեւանքներ: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց արեւելագետ-արաբագետ, պատմական գիտությունների թեկնածու Սամվել Կարաբեկյանը:
Նրա խոսքով, սա տարածաշրջանում Իսրայելի բազմաքայլ քաղաքականության արդյունք է, մոզաիկայի մի կտորը, որը դժվար է հավաքել: «Ներկա պահին ես բավարար տեղեկություն չունեմ, սակայն կարող եմ ասել հետեւյալը. Լիբանանում շատ բարդ ներքաղաքական իրավիճակ է: Այնտեղ կան լուրջ միջկրոնական խնդիրներ: Սա կարող է արտաքին ագրեսիայի ներքին սադրանքը լինել»,- ասաց Կարաբեկյանը, ընդգծելով, որ Իսրայելը նույնպես այդքան մաքուր չէ: «Երբեմն պաղեստինյան խնդիրը ստիպում է Իսրայելին քայլեր ձեռնարկել, որոնք առաջին հայացքից դրա հետ որեւէ առնչություն չունեն: Կապրենք` կտեսնենք»,- նշեց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Իսրայելը պատասխան կրակ էր բացել Լիաբանաի ուղղությամբ այն բանից հետո, երբ Իսրայելի հյուսիսային մասում լիբանանյան հրթիռներ էին ընկել: Նշենք, որ փոխհրաձգության արդյունքում Լիբանանի կողմից զոհվել են 4 հոգի, այդ թվում մեկ լրագրող, իսկ Իսրայելի կողմից զոհվել է մեկ սպա, եւս մեկը վիրավորվել է: Սպանված լրագրողն աշխատել է «Ալ-քաբար» թերթում:




























