Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզայի անունը վերջապես ընդգրկվել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր` օգոստոսի 3-ին նախատեսված քվեարկության օրակարգում: Նշենք, որ մի քանի ժամից այդ Հանձնաժողովում հաստատվելու են 32 երկրներում ԱՄՆ դեսպանների թեկնածուները:

Դեռեւս հուլիսի 22-ին Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած քննարկումից հետո 24 ժամվա ընթացքում Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերրին, սենատորներ Բարբարա Բոքսերը, Ռոբերտ Մենենդեսը եւ Ռոսս Ֆեյնգոլդը գրավոր հարցեր էին առաջադրել Մեթյու Բրայզային: Ըստ Asbarez-ի, Բրայզայի պատասխանները չեն գոհացրել Ամերիկայի հայկական կազմակերպություններին:

Բրայզայի թեկնածությունը լուրջ դժգոհություն է առաջացրել ամերիկահայ կազմակերպությունների շրջանում: Մասնավորապես, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Բրայզան խուսափողական եւ ոչ լիարժեք պատասխաններ է տվել Հարրի Ռիդի եւ առանցքային մյուս սենատորների հարցերին:

«Հաստատվում են ԱՄՆ փոխպետքարտուղարի նախկին օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի մտահոգիչ գործունեության վերաբերյալ մեր վերապահումները», - նշել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը` շարունակելով. «Բրայզայի պատասխանները հաստատում են, որ նա այն մարդը չէ, ով պետք է նշանակվի Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան:

Տարածաշրջանում ամերիկյան դիվանագիտությունը լավ կլինի վերսկսել թարմ ուժերով, նոր դեսպանի հետ, ով խորը կապեր չունի Ադրբեջանի կոռումպացված կառավարության հետ, ով շահերի բախման լուրջ խնդիր չի ունենա եւ ով նախկինում աչք չի փակել Ադրբեջանի ագրեսիայի վրա»:
ԱՄՆ-ում լույս տեսնող The Armenian Weekly շաբաթաթերթն էլ կարծիք է հայտնել, որ «Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Ամերիկայի ամենահին եւ ամենամեծ հայ համայնքներից մեկը ներկայացնող սենատոր Ջոն Քերրին պետք է արգելափակի Բրայզայի նշանակումը»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ավելի վաղ ամերիկահայերին կոչ էր արել հորդորել իրենց սենատորներին՝ դեմ քվեարկել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակմանը: Հաղորդում է «Ազատությունը»: