Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատվել է օգոստոսի 3-ին ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին բավականին սուր քննարկումներ են տեղի ունեցել այդ հանձնաժողովում, երբ քննարկվելիս է եղել Ռիկարդոնեի թեկնածությունը եւ սուր հարցեր են ուղղվել նրան: Հանդիպման սկզբում Ռիկարդոնեն նշել է. «ԱՄՆ-ը ցանկանում է աջակցել տարածաշրջանային ինտեգրացիային, իսկ հարաբերությունների բարելավումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ կնպաստի ողջ Կովկասում կայունությանն ու բարգավաճմանը: Ինչպես ապրիլի 24-ի իր ելույթում նշել է նախագահ Օբաման, հայերն ու թուրքերը միասին ուժեղ կլինեն, եթե ճանաչեն իրենց միասնական պատմությունը: Ուզում եմ նաեւ ընդգծել, որ ԱՄՆ-ը բարձր  գնահատում Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Մենք շարունակում ենք կոչ անել Թուրքիային վավերացնել դրանք խորհրդարանում»:

Լսումների ժամանակ Ռիկարդոնեից հետաքրքրվել են, թե արդյո՞ք, նա Թուրքիայում ծառայության ժամանակ որեւէ կերպ ցուցաբերել է իր հարգալից վերաբերմունքը հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչին ի պատասխան Ռիկարդոնեն նշել է, որ Թուրքիայում չկա հատուկ որեւէ վայր, որպեսզի հարգեր զոհերի հիշատակը: Այնուհետեւ նա հավելել է. «Ես միայն այցելել են ուրվականների քաղաք` Խարբերդ: Չգիտեմ, դուք գիտեք այդ մասին, թե` ոչ, բայց դա հայկական համայնքի ամենաաշխույժ վայրերից մեկն է եղել: Ես դիտավորյալ եմ գնացել այնտեղ, երբ Ադանայում ԱՄՆ հյուպատոսի տեղակալն էի: Դրանից հետո ես այցելել եմ հայոց պատրիարքարան: Ես նաեւ օգնել եմ ամերիկացի հայերին, որպեսզի նրանք կարողանան այցելել Թուրքիա»: