Մեթյու Բրայզան բարձր կարգի դիվանագետ է, օգոստոսի 3-ին լրագրողներին ասել է սենատոր Ռիչարդ Լուգարը, ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների եւ տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների թեկնածուների հետ գործնական հանդիպումից հետո: Հաղորդում է Cihan գործակալությունը:
«Մեթյու Բրայզան բարձր կարգի դիվանագետ է, որի հետ ես մեծ հույսեր եմ կապում»,- ասել է Լուգարը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Սենատը մինչեւ սեպտեմբեր հետաձգել է Բրայզայի թեկնածության քվեարկությունը` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Հետաձգումը տեղի է ունեցել սենատոր Բարբարա Բոքսերի նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Բրայզայի թեկնածության վերաբերյալ լսումների ժամանակ Ջին Շահինը, Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը առանցքային քաղաքական հարցեր են բարձրացրել: Սենատոր Շահինը խնդրել է Բրայզային պատասխանել մի շարք սուր հարցերի, որոնք հետաքրքրում են ընտրողներին, այդ թվում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ նրա սերտ կապերի մասին: Մեթյու Բրայզան նշել է, որ նա պաշտոնական հարաբերություններ ունի ոչ միայն ադրբեջանցի, այլեւ հայ ու ղարաբաղցի պաշտոնյաների հետ: Նա նաեւ ընդգծել է, որ ազգությամբ թուրք Զեյնո Բարանի հետ իր ամուսնության ծախսերը չեն ֆինանսավորվել դրսից:




























