ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 3-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից, հանդիպմանը, որին մասնակցել է վարչապետ Արա Հարությունյանը, քննարկվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Արցախում հիմնադրամի կատարած աշխատանքը՝ այն համարելով ինչպես մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումը խթանող, այնպես էլ Հայրենիք-Սփյուռք կապերը ամրապնդող կարեւոր օղակներից մեկը:

Հանդիպումից հետո Բակո Սահակյանը Պետրոս Թերզյանի հետ միասին մեկնել է Շուշի եւ տեղում ծանոթացել հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին: