Գերմանիան ուշադիր հետեւում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ կարծում է, որ այն պետք է լուծվի Հելսինկյան սկզբունքների հիման վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը:
Ընդ որում, նա ընդգծել է, թե Հայաստանը եւս հավատարիմ է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հակամարտության կարգավորմանը: Դեսպանն անթույլատրելի է համարել ՄԽ ձեւաչափի փոփոխությունը, միաժամանակ ողջունելով Եվրամիության երկրների աջակցությունը հակամարտության կարգավորման գործընթացին: «Հենց այդ պատճառով էլ ԵՄ-ն ասոցիացման բանակցություններ սկսեց Հարավային Կովկասի երկրների հետ միաժամանակ»,- նկատել է դեսպանը:
Խոսելով տարածաշրջանում իրավիճակի մասին՝ դեսպանը նշել է, որ Գերմանիան ուշադիր հետեւում է Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգման գործընթացին, սակայն կոնկրետ մեկնաբանություններից հրաժարվեց: Նա քննադատեց այն փաստը, որ Հարավային Կովկասում պարբերաբար ավելացվում է ռազմական նպատակներով ֆինանսավորումը:
«Ես նկատի ունեմ նաեւ Ադրբեջանի կողմից C-300 զենիթահրթիռային համալիրների գնման փաստը: Ուստի շատ կարեւոր է սովորական սպառազինությունների պայմանագրի ստորագրումը: Հայաստանը տվել է իր համաձայնությունը եւ արդեն համապատասխան օրենսդրական բարեփոխումներ է իրականացնում, այն դեպքում, երբ Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է այդ գաղափարից՝ իր դիրքորոշումը պատճառաբանելով ղարաբաղյան հարցի լուծված չլինելով»,- նկատել է Հանս-Յյոհեն Շմիդտը:




























