Չնայած այն հանգամանքին, որ երաշտի պատճառով ցորենի բերքն այս տարի Ռուսաստանում պակաս կլինի 22-27 մլն տոննայով, այդ երկիրը չի պատրաստվում նվազեցնել ցորենի արտահանման ծավալները։ Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ալեքսանդր Բելյաեւը՝ ելույթ ունենալով «Հացահատիկային Սիբիր» կոնֆերանսում։ «Մենք արդեն հավաքել ենք 35,5 մլն տոննա ցորեն։ Կարծում ենք՝ Սիբիրը 18-20 մլն տոննա մեզ դեռ կտա, գումարած այն, ինչ մենք դեռ կհավաքենք Ուրալում, մինչեւ Ուրալ, Հեռավոր Արեւելքում։ Մեր կանխատեսումներով 70-75 մլն տոննա պետք է ստացվի»,- ասել է Բելյաեւը։

2009 թ. Ռուսաստանում ցորենի բերքը կազմել էր 97 մլն տոննա, իսկ արտահանումը՝ 21,4 մլն տոննա։ Բելյաեւն ասել է նաեւ, որ երաշտի պատճառով ցորենի արտահանման սահմանափակումներ չեն նախատեսվում։

Բելյաեւի այս հայտարարությունը կայունացնող ազդեցություն է թողել Փարիզի եւ Չիկագոյի բորսաներում հացահատիկի գների վրա։ Այսպես՝ Փարիզի հացահատիկային բորսայում գները նվազել են 3,9 տոկոսով՝ 1 տոննայի համար գինը 211 դոլարից իջել է մինչեւ 199,7 դոլար։ Ի դեպ՝ 211 դոլարը Եվրամիության շուկայում վերջին 24 ամիսների ամենաբարձր գինն էր։ Միայն հուլիսին ցորենի գինը Փարիզի բորսայում բարձրացավ համարյա 50 տոկոսով՝ կապված Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Ղազախստանում երաշտի հետ։ Կրակի վրա յուղ լցրեց նաեւ ԱՄՆ գյուղնախարարությունը՝ կանխատեսելով, որ Ռուսաստանում հացահատիկի բերքը այս տարի կնվազի մինչեւ 50 մլն տոննա։

Ռուսաստանը աշխարհում հացահատիկի չորրորդ խոշորագույն արտահանողն է՝ ԱՄՆ-ից, Եվրամիությունից եւ Կանադայից հետո։ Հացահատիկի համաշխարհային առեւտուրը կազմում է տարեկան 143 մլն տոննա, որից 21-22 մլն տոննան բաժին է ընկնում Ռուսաստանին։
Հիշեցնենք, որ Հայաստան ներկրվող ցորենի մեծ մասը մատակարարվում է Ռուսաստանից։ Հայաստանը տարեկան ներկրում է 300-400 հազ. տոննա ցորեն։