Շատ-շատ չարաճճի երեխա եմ եղել, բայց մյուս կողմից ասում են շատ խելացի երեխա եմ եղել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու անդամ Արմեն Մարտիրոսյանը:

«Մեկ – մեկ որ բարկանում էի, ասում էի գնալու եմ Հյուսիսային բեւեռ արջերի մոտ: Դա իմ սիրած արտահայտությունն է եղել, երբ որ բարկանում էի: Փոքր ժամանակ ուզում էի շինարար դառնալ»,- նշել է Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, Հայաստանում երեխաներն այսօր պաշտպանված չեն, քանի որ առաջին հերթին պաշտպանված չեն նրանց ծնողները: «Առաջնահերթ պետք է պաշտպանված լինեն ծնողների սոցիալական իրավունքները, որ ծնողները կարողանան երեխաների համար արժանավայել մանկություն ապահովել»,- ասել է Մարտրոսյանը՝ միաժամանակ նշելով, թե չի կարծում, որ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնություն է կիրառվում. «Մեր ազգն առանձնանում է երեխայասիրությամբ ու անսահման սիրով»:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան:

Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից  գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին։

Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա»,  «Happyk»  ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը: 

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին: