Հիմա տեխնիկան մեր երեխաներին մեր ձեռքից տարել է: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Vitamin Club-ի հումորիստ Վաչե Թովմասյանը, որը Հյուսիսային պողոտայում մասնակցում է երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ամենամյա բարեգործական ակցիային:

«Մենք ավելի շատ բակերում էինք խաղում։ Հիմա տեխնիկան մեր երեխաներին մեր ձեռքից տարել է, բայց կան ծնողներ, որ կարողանում են այդ ամեն ինչը վերահսկել»,-ասաց Վիտամինի Վաչեն։

Վաչեն նաեւ կիսվեց իր մանկության լավ հիշողություններով:

«Ես շատ լավ մինչեւ հիշում եմ իմ ամբողջ մանկությունը։ Մանկությունս անցել է Հարավ-արեւմտյան թաղամասում։ Առաջ Մալաթիա տոնավաճառի փոխարեն անասնագոմեր էին, մանկապարտեզ տանելու ճանապարհին ծնողներս տանում էին, որ ես կովերին տեսնեի, դա շատ լավ եմ հիշում»,-ասաց նա։

Հայտնի վիտամինցին նաեւ բարձր գնահատեց NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան՝ նշելով, որ այս տարի եւս մեծ սիրով ընդունել է հրավերը:

«Շատ ուրախացա, որ NEWS.am-ն ինձ հրավիրել է այս ակցիային, որովհետեւ շատ եմ սիրում երեխաներին, երեխեքն էլ ինձ են սիրում»,-ասաց հումորիստը։

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան:

Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից  գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին։

Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա»,  «Happyk»  ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին: