Պաղպաղակի հետ կապված վառ հիշողություններ ունեմ մանկությունից, երբ որ փողոց էր գալիս պաղպաղակ վաճառող «դռդռիկը», եւ դա իրադարձություն էր, երբ որ ազդանշան էր տալիս, որ պաղպաղակ է վաճառվում: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հեռուսալրագրող, մեկնաբան Արտակ Հերիքյանը, որը մասնակցում է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ամենամյա բարեգործական ակցիային:
Նա պատմեց, որ երբ գալիս էր պաղպաղակ վաճառող մեքենան, «բոլորս թափվում էին փողոց ոտաբոբիկ եւ 20 կոպեկով «բաժակ» պաղպաղակ էինք գնում: Բայց հիմա ավելի համեղ պաղպաղակ են վաճառում, քան մեր մանկության օրերին»:
Արտակ Հերիքյանն ավելի շատ հանգիստ երեխա է եղել: «Մայրս պատմում է, որ երբ երեխա էի եւ բակում հեռավորության վրա էի, իսկ ինքը գործ էր անում, իսկ ես իր տեսադաշտում չէի, կանչում էի մամ, մամ, մամ, մամաս հարցնում էր՝ ի՞նչ է պատահել, ասում էի՝ հեչ ուղղակի ասում էի, որ ես այստեղ եմ, որ դու հանգիստ լինես: Հիմա աղջիկս էլ է այդպես»,- նշեց նա:
Ըստ Հերիքյանի, ՄԱԿ-ի տոնացույցում միլիոնավոր տոներ կան, մինչդեռ մենք Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը վերածել ենք ազգային տոնի: «Դա ինչից է: որովհետեւ մենք շատ ենք սիրում մեր երեխաներին:Եվ երեխաներին սիրելու ավանդույթը եկել է դարերից: Հայ ծնողները հանուն երեխաների ինքնազոհողության են գնում եւ դա ազգային ավանդույթ է: Մեր երեխաները հոգատարության պակաս չունեն, այդ ծնողները ֆինանսական միջոցների եւ աշխատանքի կարիք ունեն, որովհետեւ ցանկացած հայ ծնող իր հնարավորությունները գերազանցում է, որպեսզի լավագույնն անի երեխաների համար:
Եւ ես մեր բալիկների ծնողներին մաղթում եմ աշխատանք, լավ վարձատրություն եւ մի քիչ ավելի երեխաների հետ շփման գնալու ունակություն»,- նշեց նա:
Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան:
Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին։
Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ», «Կոկա-Կոլա», «Happyk» ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:





























