Լուսինե Թովմասյանը երջանիկ մանկություն է ունեցել, եւ նույնը մաղթում է բոլոր երեխաներին: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը, որն այս տարի եւս, Հյուսիսային պողոտայում մասնակցում է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ամենամյա բարեգործական ակցիային:
«Ես շատ անհոգ եւ ուրախ մանկություն եմ ունեցել, նույն էլ մաղթում եմ բոլոր երեխաներին, ցանկանում եմ շատ երջանիկ մանկություն ունենան»,-ասաց գեղեցկուհին:
Լուսինե Թովմասյանը մտահոգություն հայտնեց, թե ներկայումս երեխաները բակերում չեն խաղում՝ նախընտրելով ժամանակ անցկացնել նորագույն տեխնիկաներով:
«Հիմա երեխաների մանկությունը տարբերվում է մեր մանկությունից։ Յուրաքանչյուր նոր ծնված երեխա արդեն կարողանում է օգտվել այփադներից եւ այֆոններից։ Երեխաները հիմա չգիտեն, թե ինչ բան է գործագործ, պարան, եւ ռեզին խաղալը»,- ասաց նա:
Լուսինե Թովմասյանը նշեց, որ NEWS.am-ի բարեգործական ակցիային ամեն տարի մեծ սիրով մասնակցում է, իսկ այս տարի նրան են միացել նաեւ ամուսինը եւ դուստրը:
Գեղեցկուհին վստահաբար ավելացրեց, որ Հայաստանում երեխաները պաշտպանված են:
Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան:
Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին։
Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ», «Կոկա-Կոլա», «Happyk» ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























