Ինչպես ցանկացած այլ երկրում, Հայաստանում եւս երեխաների իրավունքների պաշտպանության հարցում շատ անելիքներ կան: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հայտնի հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը, րը Հյուսիսային պողոտայում մասնակցում է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային:

«Հայաստանում մեր մանուկները չեմ կարող ասել, որ պաշտպանված չեն, բայց իրավունքների տեսակետից դեռ շատ անելիք կա: Նույնիսկ ծնողները եւ ուսուցիչները, ըստ էության, լիովին տեղյակ չեն երեխաների իրավունքներից: Անընդհատ պետք է այդ մասին խոսել, լուսաբանել: Պետք է սոցիալական հոլովակներ պտտեն հեռուստատեսությունով եւ համացանցով, քանի որ այդ հարցը մեծ ուշադրության կարիք ունի»,- ասաց հաղորդավարուհին, որն անձամբ է ակցիային քաղցր բամբակ պատրաստում եւ վաճառում:   

Գոհար Գասպարյանը հիշեց, որ ինքը մանուկ հասակում լսող եւ հարմարվող երեխա է եղել, սակայն մանկությունից գունեղ հիշողություններ չունի, ինչը չի կարող ասել պատանեկության մասին:

«Սովորական մանկություն եմ ունեցել, ինչպես եւ 80-ականների եւ 90-ականների բոլոր երեխաները: Դժվար է եղել մեզ համար, անցումային շրջան էր դեպի անկախ Հայաստան: Այդքան էլ գունեղ հիշողություններ չկան մանկությունից, փոխարենը՝ կան պատանեկությունից, որովհետեւ արդեն մուտք գործեցի հեռուստատեսություն եւ գույները, կարծես թե լցվեցին»,- ասաց հաղորդավարուհին:

Գոհար Գասպարյանի խոսքով՝ մանկության գույների պակասը եւ պատանեկության գույներն այժմ արտահայտվում են քաղցր բամբակի տեսքով: Հաղորդավարուհին նաեւ կոչ արեց բոլորին միանալ ամենամյա այս ակցիային եւ օգնել կարիքավոր երեխաներին:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Գոհար Գասպարյանը բոլոր երեխաներին մաղթեց անհոգ մանկություն, քաղցր հիշողություններ, պայծառ գույներ, եւ ժպիտներ:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան:

Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից  գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:

Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա»,  «Happyk»  ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:

Բարեգործական ակցիան, որը կավարտվի 20:00-ին, անցկացվում է Հյուսիսային պողոտայում:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am