Երեխաների իրավունքների պաշտպանության առումով այսօր երեխաներն ավելի պաշտպանված են, քան՝ 90-ականների մանուկները, քանի որ դա ուղիղ կապ ունի երկրի սոցիալական- տնտեսական վիճակի հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը, որը Հյուսիսային պողոտայում մասնակցում է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային:

«Որքան վատ է սոցիալական վիճակը, այնքան այն արտահայտվում է ընտանիքի եւ հասարակության վրա: Այնպես չէ, որ վիճակը բավարար է, կա երեխաների հանդեպ բռնություն, ինչը պետք է արմատախիլ արվի ցանկացած ընտանիքում: Երբեմն ոտնահարվում են երեխաների դպրոց հաճախելու իրավունքը, բայց դա աստիճանաբար կվերանա մեր ժողովրդի ինքնագիտակցության զարգացմանը եւ սոցիալական վիճակի բարելավմանը զուգահեռ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բնակչության ինքնագիտակցությունը փոխվի այդ հարցում, որ անկախ սոցիալական պայմաններից  երեխաների իրավունքները պաշտպանված լինեն»,- նշեց Արտակ Բեգլարյանը:

Նա երեխաներին մաղթեց «խաղաղություն եւ երջանիկ մանկություն եւ մանկությունից հետո արդեն զարգացման ամենալավ հնարավորության պայմաններ, քանի որ երեխաները որքան էլ երջանիկ ապրեն իրենք մեծանալով հասարակության անդամ պետք է դառնան եւ իրենց զարգացման համար որքան լավ պայմաններ լինեն, նրանք կդառնան այդքան լավ մարդ ու քաղաքացի»:  

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան:

Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից  գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:

Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա»,  «Happyk»  ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:

Բարեգործական ակցիան, որը կավարտվի 20:00-ին, անցկացվում է Հյուսիսային պողոտայում: