Հայերը հոգատար ու լավ ծնողներ ենք, այդ առումով կարելի է ասել, որ Հայաստանում երեխաները պաշտպանված են, չնայած 21-րդ դարի որոշ խնդիրներին, որոնք այսօր կան ու ինչ-որ չափով վտանգավոր են մեր երեխաների համար: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, որը Հյուսիսային պողոտայում մասնակցում է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային:
«Յուրաքանչյուր փոքրիկի համար մանկությունն ամենաքաղցր բանն է և յուրաքանչյուրիս համար մեր մանկությունը եղել է ամենաերջանիկ ժամանակահատվածը: Իմ մանկությունից հիշում եմ, որ պաղպաղակ շատ էինք սիրում և մի մեքենա կար, որով պաղպաղակ էին վաճառում: Շատ բարձր ազդանշան ուներ, բայց ամենալավ ազդանշանն էր մեզ համար, որովհետև անհամբերր միշտ սպասում էինք այդ մեքենային, որ պաղպաղակ գնեինք»,-ասաց Լուիզա Ներսիսյանը:
Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որը շարունակվելու է մինչև 20:00-ն:
Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:
Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա», «Happyk» ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:
Բարեգործական ակցիան, որը կավարտվի 20:00-ին, անցկացվում է Հյուսիսային պողոտայում:




























