Երեւանի Հյուսիսային պողոտայում, քիչ առաջ մեկնարկել է  NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիայի գլխավոր համերգային միջոցառումը:

Այժմ ելույթ է ունենում Dj Vakcina-ն, այնուհետ ելույթ կունենան Արամ MP3-ը, Սիլվա Հակոբյանը, Լուսինե Աղաբեկյանը, Սոնա Շահգելդյանը, Գրիգոր Կյոկչյանը, Անահիտ Շահբազյանը, Սյուզի Մելիքյանը, Նարեկ Մակարյանը, Գաբրիելա Գալոյանը, Սարգիս Ավետիսյանը, Նարե Գրիգորյանը, Սոնե Սիլվեր, Գեորգի Բունիաթյանը: Համերգին կմասնակցեն նաեւ DJ Smoke–ը։

Ակցիայի շրջանակներում, պաղպաղակի բարեգործական վաճառքին մասնակցել եւ մասնակցում են քաղաքական գործիչներ, շոու-բիզնեսի աստղեր:

Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից  գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին։

Ակցիան տեւելու է մինչեւ երեկոյան ժամը 21-ը:

Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա»,  «Happyk»  ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը: 

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am