Որախ եմ, որ հենց Հայաստանում եմ մեծացել և որ իմ երեխան էլ է այստեղ մեծանում, քանի որ այս երկրում ես ինձ ապահով եմ զգում: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ոճաբան և դիզայներ Դիանա Շատվերյանը, որը Հյուսիսային պողոտայում մասնակցում է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային:
«Հայաստանում երեխաները պաշտպանված են, ցավոք կան երեխաներ, որոնք մեր օգնության կարիքն ունեն և ասօր շատ գեղեցիկ ակցիա է կազմակերպել NEWS.am-ը և ով ինչով կարողանում է օգնում է մեր օգնության կարիքն ունեցող երեխաներին»,-ասաց նա:
Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որը շարունակվելու է մինչև 20:00-ն:
Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:
Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա», «Happyk» ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:




























