Դերասան Անահիտ Կիրակոսյանը, որը «Բանակում» հեռուստասերիալում Սուսիկի կերպարի դերակատարն է, մանկուց կանխազգացել է, որ դերասան է դառնալու։ Դերասանուհին, որն այսօր՝ մայիսի 31-ին, Հյուսիսային պողոտայում մանակցում է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ միշտ, երբ իրեն հարցրել են, թե ինչ է դառնալու, պատասխանել է՝ դերասան։
«Ես փոքր ժամանակ նույնիսկ պատկերացրել եմ, թե ինչ դեր եմ խաղալու։ Ասում էի՝ «Անուշն» եմ խաղալու, ասում էին՝ դու օպերային երգչուհի չես, «Անուշը» Օպերա է։ Ես ասում էի՝ ոչինչ, կլինի դրամատիկ ներկայացում եւ ես կխաղամ «Անուշի» դերը եւ այդպես էլ եղավ»,- պատմեց Անահիտը։
Դերասանուհին նշեց, որ ինքը անհոգ ու ուրախ մանկություն է ունեցել, չարաճճի երեխա է եղել, սիրել է տղաների հետ ֆուտբոլ խաղալ։
Անահիտն այժմ երեք երեխա ունի ու ժամանակ առ ժամանակ նրանց հետ իր մանկության խաղերն է խաղում։
«Երկու աղջիկ ունեմ, մեկ տղա՝ երկուսուկես տարեկան։ Տղայիս հետ ֆուտբոլ եմ խաղում, աղջիկներիս հետ՝ գործագործ, պարան։ Ու չնայած երբեմն դժգոհում են, որ այդ խաղերը մոդա չեն, բայց հիմնականում հավանում են ու սիրով խաղում են»,- պատմեց Անահիտը։
Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որը շարունակվելու է մինչև 20:00-ն:
Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:
Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա», «Happyk» ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:




























