Հայաստանը այն բացառիկ երկրներից է, որտեղ ամենաքիչն են ոտնահարվում երեխաների իրավունքները: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, որը Հյուսիսային մասնակցում է ամենամյա բարեգործական ակցիային:

«Հայաստանի Հանրապետությունը այն բացառիկ երկրներից է, որտեղ քիչ են երեխաների իրավունքների ոտնահարումները: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ դրանք բացառենք»,-ասաց պատգամավորը:

Կարինե Աճեմյանը ժպիտով հիշեց իր անհոգ եւ երջանիկ մանկության մասին եւ նույնը մաղթեց բոլոր երեխաներին:

«Բոլոր այն ծնողները, ովքեր շատ են սիրում իրենց երեխաներին, կարող են երջանիկ մանկություն պարգեւել իրենց երեխաներին: Ցանկանում եմ, որ մեր բալիկները խաղաղ երկնքի տակ ապրեն, անհոգ լինեն, լավ սովորեն, եւ լավ քաղաքացի դառնան մեր երկրի համար»,- ասաց բարեգործական ակցիային պաղպաղակ վաճառող պատգամավորը:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան:

Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից  գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:

Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա»,  «Happyk»  ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:

Բարեգործական ակցիան, որը կավարտվի 20:00-ին, անցկացվում է Հյուսիսային պողոտայում: