Համեմատած մյուս երկրների, Հայաստանում երեխաները պաշտպանված են, քանի որ ավելի խաղաղ ու մաքուր միջավայրում են մեծանում: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց  DJ Վակցինան, որը  Հյուսիսային պողոտայում մասնակցում է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ամենամյա բարեգործական ակցիային: «Մանկությունս շատ ծանր էր, մութ ու ցուրտ տարիներին եմ անցկացրել այն: Շատ հետաքրքիր դրվագներով հագեցած է եղել, հիշում եմ, որ մամայիս հետ ինչ-որ ցախեր էինք բերում, օգնում  էի  ծնողներիս»:

Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից  գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:

Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա»,  «Happyk»  ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:

Բարեգործական ակցիան, որը կավարտվի 20:00-ին, անցկացվում է Հյուսիսային պողոտայում: