Հայաստանում երեխաների պաշտպանությունն ապահովված է ավելի շատ ընտանեկան ավանդույթների եւ արժեքների, քան այլ մարմինների կողմից իրականացվող աշխատանքների շնորհիվ: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց հայտնի հաղորդավար Վահե Խանամիրյանը, որը Հյուսիսային պողոտայում մասնակցում է ամենամյա բարեգործական ակցիային: 

«Հայաստանում երեխաները պաշտպանված են, իհարկե, որոշ բացթողումներ նկատելի են: Բայց հիմնկանում երեխաների իրավունքները պաշտպանվում են ընտանիքներում, քան այլ մարմինների կողմից, որովհետեւ ընտանեկան ավանդույթներն ու արժեքները դեռ անփոփոխ են: Վստահ եմ, որ կշարունակեն հետեւել այդ արժեքներին եւ չեն վազի  արեւելյան վարքուբարքերի հետեւից»,-ասաց նա: 

Վահե Խանամիրյանը պատմեց, որ երջանիկ մանկություն է ունեցել, սակայն իր շրջապատում միշտ եղել են ծնողազուրկ եւ չքավոր երեխաներ, ովքեր մատնված են եղել զրկանքների:

Հաղորդավարը Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ բոլոր երեխաներին մաղթեց անհոգ մանկություն:

«Ուզում եմ իրենք մեծանան եւ հիշեն իրենց մանկությունը եւ պատմելու լավ հիշողություններ ունենան: Ուզում եմ, որ նրանց մանկությունն արագ չանցնի, ծնողները հնարավորություն ունենան նրանց մանկությունն ապահովել»,- ասաց Վահե Խանամիրյանը:

Բարեգործական ակցիային իր կնոջ հետ պաղպաղակ վաճառող հաղորդավարը մեր հետ զրույցում նշեց, որ ցանկանում է ապագա երեխայի մեջ սերմանել մարդկային կարեւորագույն արժանիքները՝բարություն, մարդասիրություն, ընկերասիրություն եւ ժպտալու ու մարդկանց հասկանալու ունակություն:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան:

Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից  գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:

Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա»,  «Happyk»  ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:

Բարեգործական ակցիան, որը կավարտվի 20:00-ին, անցկացվում է Հյուսիսային պողոտայում: