Հաղորդավար Արման Մարգարյանի մանկությունը չնայած անցել է արցախյան պատերազմի տարիներին, բայց այդ ամենի մեջ նա կարողացել է գտնել  ուրախություն: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց հաղորդավար Արման Մարգարյանը, որը Հյուսիսային պողոտայում մասնակցում է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ամենամյա բարեգործական ակցիային. «Մանկությունս շատ հետաքրքիր է անցել, շատ չարաճճի երեխա եմ եղել, ծնողներս հազիվ էին ինձ տուն բերում բակից:  Շատ էի մնում փողոցում, և միայն շատ սովածանալուց հետո էի գալիս տուն: Տարբեր տեսակի խաղեր ենք խաղացել, որը, ցավոք, այս սերունդը չի անում: Ուրախանում եմ, երբ երեխաս գնում է բակում  խաղալու, անգամ երբ ընկած ու ինչ-որ տեղը վնասած է լինում»:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան:

Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից  գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:

Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա»,  «Happyk»  ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:

Բարեգործական ակցիան, որը կավարտվի 20:00-ին, անցկացվում է Հյուսիսային պողոտայում: