Դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանը մանկուց զգացել ու օգտագործել է իր  դերասանական տաղանդը: Դերասանը, որն այսօր՝ մայիսի 31-ին Հյուսիսիսային պողոտայում մասնակցում է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ամենամյա բարեգործական ակցիային, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Արմավիրի մարզի Լենուղի գյուղում, որտեղ մեծացել է ու դպրոց հաճախել, մինչեւ 10-րդ դասարան Ամանորին Ձմեռ պապիկի դեր է տարել: 

«Շատ գունավոր, վառ մանկություն եմ ունեցել: Մենք տարբեր միջոցառումներ էինք կազմակերպում՝ ճամբարներ, հեքիաթներ էինք բեմադրում: Ու այդ ամբողջն ինքս էի միշտ կազմակերպում: Բացի այդ՝ ցոգոլի գողություն էինք անում, Ջանգյուլում էինք խաղում, ու, չգիտես ինչու, ես միշտ փեսան էի: Մինչեւ 10-րդ դասարանը Ձմեռ պապիկ էի Ամանորին»,- պատմեց Ռաֆայելը:

Ռաֆայելը նշեց, որ դերասան դառնալն իր համար ոչ թե երազանք է եղել, այլ նպատակ:

«Ես նպատակ ունեի, որ մեծանամ՝ դերասան եմ դառնալու: Ովքեր էլ, որ ինձ ճանաչում էին, գիտեին, որ դերասան եմ դառնալու: Ու ես քիչ-քիչ քայլերով հասա դրան»,- ասաց նա:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան:

Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից  գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:

Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա»,  «Happyk»  ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին: