Առաջ մեծերի հանդեպ հարգանքն ավելի շատ էր, քան այսօր: բայց դե ինչ անենք, 21-րդ դարն է, պետք է համակերպվենք: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արման Խաչատրյանը (Արմուշ), որը Հյուսիսային պողոտայում մասնակցում է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ամենամյա բարեգործական ակցիային. «Շատ տարբերություն կա մեր ժամանակի ու այժմյան երեխաների միջեւ, մենք ավելի շատ էինք հարգում մեծերին: Չնայած դա էլ է դաստիարակության հարց, ընդամենը ծնողները պետք է իրենց երեխաների դաստիարակությանն ավելի շատ ուշադրություն դարձնեն, որպեսզի լավ սերունդ մեծանա: Մանկությունս անցել է Խորհրդային Հայաստանում, ունեցել եմ ակտիվ մանկություն, շատ չարաճճիություններ եմ արել, լավ մանկություն եմ ունեցել»:
Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որը շարունակվելու է մինչեւ 20:00-ն:
Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:
Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա», «Happyk» ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:




























