15-ամյա  երգչուհի Դալիթան մանուկ հասակում ցանկացել է բժիշկ դառնալ, սակայն 6 տարեկանում երաժշտական դպրոց հաճախելիս հասկացել է, որ ինքը բեմի մարդ է։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, մեզ հետ զրույցում ասաց երիտասարդ երգչուհին, որը Հյուսիսային պողոտայում մասնակցում էր NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային։

«Ցանկանում էի բժիշկ դառնալ, որովհետեւ մարդկանց օգնելու գաղափարն ինձ միշտ դուր է եկել։ Բայց 6 տարեկանում սկսեցի հաճախել երաժշտական դպրոց, այնտեղ համերգներից ոգեւորվեցի  եւ հասկացա, որ այս գործն է իմը»,- ասաց Դալիթան։

Դալիթան հիշեց, որ երջանիկ մանկություն է ունեցել. «Խելոք եմ եղել, չարաճճիություններ չեմ արել»։

Երգչուհին ողջունեց սահմանամերձ գյուղերի երեխաների օգնելուն նվիրված ամենամյա ակցիայի գաղափարը՝ ավելացնելով, որ ինքը այսուհետեւ ամեն տարի մեծ սիրով  մասնակցելու է այս ակցիային։

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան:

Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից  գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:

Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա»,  «Happyk»  ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:

Բարեգործական ակցիան կավարտվի ժամը 20:00-ին։