Երգիչ Նարեկ Բավեյանի համար մանկության յուրաքանչյուր օրը տոն է եղել: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց երգիչը, որը  Հյուսիսային պողոտայում մասնակցում է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ամենամյա բարեգործական ակցիային:

«Մանկությանս բոլոր դրվագներն էլ ուրախ են եղել: Մանավանդ որ դասերը վերջանում էին, ամառային արձակուրդները սկսվում էին, ամեն օրն ինձ համար տոն էր, որ հոգս չունեմ, դաս չունեմ սովորելու եւ կարող եմ իջնել բակի երեխաների հետ խաղալու»,- ասաց Նարեկ Բավեյանը՝ նշելով, որ ինքը խելոք երեխա է եղել:

Հունիսի մեկի կապակցությամբ երգիչը շնորհավորեց բոլոր փոքրիկներին՝ մաղթելով մանկական անկեղծ երջանկություն, անհոգ մանկություն, առողջություն եւ ժպիտներ:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որը շարունակվելու է մինչև 20:00-ն:

Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից  գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:

Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ», «Կոկա-Կոլա»,  «Happyk»  ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին: