Երգչուհի Սիլվա Հակոբյանը եղել է ակտիվ ու չարաճճի երեխա: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին, որը Հյուսիսային պողոտայում մասնակցում է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ամենամյա բարեգործական ակցիային։
«Միշտ տուն էի վերադառնում վնասվածքներով, սիրում էի բակում տարբեր խաղեր խաղալ, որ հիմա չի անում նոր սերունդը: Կարող եմ ասել, որ հրաշք մանկություն եմ ունեցել, մեծացել եմ հոգատար ու ջերմ ընտանիքում»,- նշեց երգչուհին:
Սիլվա Հակոբյանի կարծիքով՝ Հայաստանում երեխաները պաշտպանված են, որովհետեւ հայ ծնողները միշտ հոգատարություն ու ջերմություն են նվիրում իրենց երեխաներին. «Մեր երեխաներին մաղթում եմ երջանիկ ու ուրախ մանկություն, թող կապույտ երկնքի տակ մեծանան»:
Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան:
Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:
Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա», «Happyk» ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:
Բարեգործական ակցիան կավարտվի ժամը 21-ին։




























