Այսօր մեր երեխաները չեն խաղում բակի այն խաղերը, որոնք ժամանակին մենք էինք խաղում, քանի որ   «խրված» են տեխնոլոգիայի մեջ: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց սցենարիստ Դիանա Գրիգորյանը, որը  Հյուսիսային պողոտայում մասնակցում է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ամենամյա բարեգործական ակցիային. «Շատ կցանկանայի, որ մեր մանկությունը վերադառնար ու մեր երեխաներն էլ տեսնեին այդ մանկությունը»:

Դիանա Գրիգորյանը պատմեց, որ իր ծնողները  շատ խիստ են եղել և թույլ չեն տվել երկար ժամանակով դրսում խաղալու:

«Մի անգամ էլ, երբ բակում էի, իմ ընկերուհին ինձ համոզեց, որ գնանք ատրակցիոններ: Քանի որ մոտներս գումար չկար ես ու ընկերուհիս որոշեցինք գումար հավաքել ատրակցիոնի առջև, որպեսզի կարողանանք ատրակցիոն խաղալ: Չէի սիրում նաև մանապարտեզի նախաճաշը և ստիպում էի ընկերներիս, որպեսզի իմ փոխարեն իրենք թաքուն ուտեն իմ բաժինը, որը վերջիվերջո բացահայտվեց:  Խելոք երեխա եմ եղել, դպրոցում շատ լավ եմ սովորել»,-ասաց Դիանան:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որը շարունակվելու է մինչև ժամը 21-ը:

Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից  գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:

Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա»,  «Happyk»  ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին: