ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը մանուկ հասակում սիրել է հեծանիվ վարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգավորը, որը Հյուսիսային պողոտայում մասնակցում է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ամենամյա բարեգործական ակցիային։

«Փոքր էի, հայրիկս եղբայրներիս համար հեծանիվ էր գնել, ինձ՝ ոչ: Ես ստիպված իրենց հեծանիվն էի վարում: Հետո իրենց համար գնեցին, իրենցը ինձ վերցրի»,- պատմեց Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ հիմա էլ, եթե առիթ է լինում, վարում է հեծանիվ. «Վերջին անգամ վարել եմ Լոս Անջելեսում, դրանից առաջ Երեւանում՝ հեծանվաերթին»:

 Զարուհի Փոստանջյանը, որ Երեւանում է ծնվել, մեծացել, հիշեց, որ անհոգ մանկություն է ունեցել: Նա մինչեւ հիմա հիշում է տատիկի պատմած հեքիաթները. «Այնքան հիշողություններ կան մանկության հետ կապված: Վերադառնալով մանկությունս՝ կգրկեի տատիկիս, մայրիկիս, կլսեի տատիկիս պատմած հեթիաթները, որտեղ միշտ բարին  հաղթում էր չարին»:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Հայաստանում երեխաների իրավունքները լիովին պաշտպանված չեն: Ըստ նրա՝ երեխաների երջանիկ ապրելու համար նախ պետք է ունենանք իրապես սոցիալական պետություն:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում այսօր անցկացվեց NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան:

Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից  գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:

Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա»,  «Happyk»  ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին: