Երգչուհի Սոնա Շահգելդյանը կռվարար երեխա է եղել, «ճշտի կողմնակից»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին, որն այսօր՝ մայիսի 31-ին Հյուսիսային պողոտայում մասնակցում էր Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային։
«Շատ աշխույժ, մի քիչ էլ կռվարար երեխա եմ եղել: Տղաների հետ էի հիմնականում կռվում, ճշտի կողմնակից եմ եղել: Չեմ ցանկացել որեւէ մեկին վիրավորել, ինքս բոլորին պաշտպանել եմ»,- ասաց Սոնա Շահգելդյանը:
Սոնա Շահգելդյանը հիշեց, որ դեռ մանուկ հասակից բոլորն իր մեջ նկատել են երգչուհու տաղանդը. «Երբ ես դեռ երկու տարեկան էի՝ մտածում էի՝ կամ երգչուհի եմ դառնալու, կամ դերսանուհի: Երկու տարեկանից երգելու ջիղը եղել է մեջս: 6-7 տարեկանից երգել եմ արդեն: Ու եթե երգչուհի չլինեի, դերասանուհի կլինեի եթե երգչուհի չլիներ»:
Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում այսօր անցկացվեց NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան:
Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:
Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա», «Happyk» ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:




























