Երեւանի Հյուսիսային պողոտայում այսօր՝ մայիսի 31-ին Երեխաների պաշտպանության օրվան նվիրված, NEWS.am գործակալության կազմակերպած ամենամյա բարեգործական ակցիայի շրջանակներում հավաքվել է 1 մլն 225 հազար դրամ եւ 6900 ԱՄՆ դոլար (ֆոտոռեպորտաժ)։
Ակցիային իրենց մասնակցությունն ունեցան քաղաքական գործիչներ, շոու-բիզնեսի աստղեր, մարզաշխարհի անվանի ներկայացուցիչներ։ Պաղպաղակի բարեգործական վաճառքին մասնակցել են Գոհար Գասպարյանը, Էրիկ Անթառանյանը, Լուսինե Թովմասյանը, Իրինա Թովմասյանը, Ֆաինա Հարությունյանը, Vitamin-ի Վաչեն, Արմուշը, հաղորդավարներ Արտակ Հերիքյանը, Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանը, Արման Մարգարյանը, Օլիմպիական բրոզե մեդալակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը, ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը, պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Կարինե Աճեմյանը, Զարուհի Փոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանն ու Անահիտ Բախշյանը։ NEWS.am–ի անձնակազմի հետ միասին պաղպաղակ են վաճառել նաեւ Լուիզա Ներսիսյանը, Նաիրա Մովսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Դիանա Գրիգորյանը, Վահե Տեր–Մինասյանը եւ այլ հայտնի անձինք։
Ակցիային զուգահեռ Հյուսիսային պողոտայում կազմակերպվել էր համերգ՝ բաղկացած երկու մասից։ Մասնակիցների թվում էին Դալիթան, Սոնա Շահգելդյանը, DJ Vakcina-ն, DJ Smoke-ը, Սիլվա Հակոբյանը եւ այլք։ NEWS.am-ը պատրաստել էր մրցույթներ երեխաների համար, տարատեսակ խաղեր, նկարչական խաղեր, առավել ակտիվ փոքրիկներին բազմաթիվ նվերներ բաժանեցին, իսկ երեխաներին ուրախացնում էին մուլտֆիլմերի հերոսները։
Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից գոյացած հասույթի գումարը վերջում անձամբ հաշվել է «Բարեւ, Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, որը մշտապես ակտիվորեն մասնակցում է ամենամյա ակցիային։
Նշենք, որ այս տարվա արդյունքը գերազանցեց նախորդ՝ 2014թ. արդյունքը։ Անցած տարվա հունիսի 1-ին Մանկական երկաթուղում կազմակերպված ակցիայից հետո Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի մասնակցույթյամբ հաշվվել էր ամբողջ գումարը եւ պարզվել էր, որ 7 ժամվա ընթացքում պաղպաղակի և այլ իրերի վաճառքից հավաքվել է 810 հազար դրամ։ Նախորդ երկու տարիների գումարները հատկացվել էին Արցախի Քարվաճառի շրջանի կարիքավոր դպրոցականներին։
Այս տարի գումարն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:
Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ», «Կոկա-Կոլա», «Happyk» ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը:
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:





























