Պաշտոնական Թեհրանը հերքել է լրատվամիջոցների այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Իրանի նախագահ Ահմադինեջադի դեմ մահափորձ է իրականացվել: Հղում անելով Իրանի վարչակազմին՝ Al Arabiya-ն հայտնում է (որն ի դեպ առաջինն էր տեղեկացրել մահափորձի մասին), որ իրականում Իրանի նախագահի ավտոշարասյան վրա նետվել է ոչ թե նռնակ, այլ ընդամենը ճայթուկ, որը պատրաստվել էր նախագահի՝ Մահմուդ քաղաք կատարած այցի առթիվ:
Ըստ պաշտոնական վարկածի՝ նախագահական ավտոշարասյան ավտոմեքենաներից մեկը, որում լրագրողներ ու նախագահի ապարատի ներկայացուցիչներ են եղել, վնասվել է՝ ճայթուկի ընկնելու հետեւանքով: Իրանի նախագահի վարչակազմը կրկին ընդգծել է, որ Ահմադինեջադի նկատմամբ մահափորձ չի իրականացվել:
Նշենք, որ նախապես լրատվամիջոցները հայտնում էին Մահմուդ քաղաքում Իրանի նախագահի նկատմամբ իրականացված մահափորձի մասին: Ըստ այդմ՝ նախագահի ավտոշարասյան վրա նռնակ է նետվել, որը դիպել է լրագրողների մեքենային եւ վիրավորել մի քանի հոգու: Տեղեկություն է տարածվել նաեւ չարագործների ձերբակալման մասին, սակայն նախագահ Ահմադինեջադը հաջող կերպով անցկացրել է Մահմուդում նախապես պլանավորված դասախոսությունը եւ անգամ չի հիշատակել, իբրեւ թե, տեղի ունեցած ահաբեկչության մասին:




























