Հայաստանի բնապահպանության նախարարի հրամանով աշխատանքային խումբ է ստեղծվել Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզերում ջրօգտագործողների կողմից Արգիճի գետից ջրային ռեսուրսների օգտագործման վիճահարույց հարցերի ուսումնասիրման համար:

Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 4-ին բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խմբի ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաեւ նշված մարզերի Արգիճի գետից ջրառ իրականացնող համայնքների, SOS Արգիճի հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներ:

Քննարկման արդյունքում աշխատանքային խումբը որոշել է բնապահպանության նախարարին ներկայացրել մի շարք առաջարկներ, մասնավորապես Արգիչի գետը հանդիսանում է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված իշխան, կողակ, բեղլու ձկնատեսակների համար պահպանության, բնական վերարտադրության, ձվադրման եւ բնակմիջավայր: Արգիչի գետի Գայլաձոր վտակում ծովի մակերեւույթից 2300 մ բարձրության վրա առաջացել է կողակ ձկնատեսակի տեղային պոպուլյացիա, որը ապրում, զարգանում, վերարտադրվում է գետում եւ չի խառնվում Սեւանա լճի պոպուլյացիաների հետ: Ուստի գետերի կենդանական աշխարհի պահպանությունն ապահովելու նպատակով Արգիչի գետի եւ նրա Գայլաձոր վտակի տարեկան միջին ջրատվության 20-25 տոկոսը անհրաժեշտ է պահպանել` որպես էկոթողք, իսկ մնացածն` ըստ ջրօգտագործման առաջնահերթությունների, տալ ջրօգտագործողներին: