Հակառակորդի կողմից հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Գեւորգ Եղիազարյանը մինչեւ հունիսի վերջ կտեղափոխվի Գերմանիա՝ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալու նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վիրավորված զինծառայողի մայրը՝ Նաիրա Գալստյանը:
Նա հայտնեց, որ արդեն պայմանավորվել են գերմանական կլինիկաներից մեկի հետ, այժմ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերն են հավաքում:
«Փաստաթղթերը հավաքենք, կդիմենք դեսպանատուն: Կարծում ենք, որ մեկնելու հետ կապված խնդիրներ չենք ունենա, հավաքված գումարն էլ բավարար է բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար»,- ասաց Նաիրա Գալստյանը:
Հիշեցնենք, որ Գեւորգ Եղիազարյանը վիրավորվել է 2011թ. դեկտեմբերի 27-ին, վնասվել է նրա ողերն ու ողնաշարը: Արդեն 3 տարի զինծառայողը տեղաշարժվել չի կարողանում: Հարազատների խոսքով՝ նրա բուժումը հնարավոր է միայն արտասահմանում:
Գեւորգ Եղիազարյանին օգնելու համար Յունիբանկ-ում բացվել էր հաշվեհամար հոր՝ Էդիկ Եղիազարյանի անունով: Անհրաժեշտ 56 հազար ԱՄՆ դոլարից 43 հազարը հավաքվել էր հանգանակություններով: Մնացած մասը մայիսի 7-ին փոխանցել էին կառավարության անդամները:





























