Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն օգոստոսի 4-ի իր ուղերձում հայտարարել է, որ բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն վնաս պատճառել իրենց երկրին, կկիրառվեն ամենախիստ  ու անզիջում միջոցները: «Ես ցանկանում եմ, որպեսզի եւ «Համաս»-ը, եւ Լիբանանի կառավարությունը, որոնք սադրանքներ են կազմակերպում մեր բանակի դեմ, հասկանան, որ պետք չէ ստուգել Իսրայելի քաղաքացիներին ու զինվորներին պաշտպանելու մեր վճռականությունը: Մեր դիրքորոշումը պարզ է. Իսրայելը պատասխանել եւ շարունակելու է ուժով  պատասխանել ցանկացած հարձակման»,- ըստ The Jerusalem Post-ի, ասել է Նաթանյահուն:

Բացի այդ, Իսրայելի վարչապետը անգլերեն լեզվով կոչ է արել համաշխարհային հանրությանը «դատապարտել լիբանանցիների հարձակումները իսրայելական սահմանապահների վրա»:

Միաժամանակ օգոստոսի 3-ին լիբանանյան «Հըզբոլլահ» իսլամիստական շարժումը հրապարակել է իր առաջնորդ Հասան Նասրալլայի դիմումը, ով խոստացել է Իսրայելին, որ իր շարժման մարտիկները Լիբանանի զինվորների հետ միասին կպայքարեն, եթե կրկին կոնֆլիկտ ծագի իսրայելական բանակի հետ: