Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները մայիսի 31-ին Մեղրիի մաքսակետում կանխել են թմրամիջոցի ապօրինի ներմուծման հերթական փորձը՝ հայտնաբերելով 10.38 գրամ սեւ գույնի ափիոնանման զանգված:

ՆՀՎ-ն հետեւողական է ոչ միայն առանձնապես խոշոր, այլ նաեւ համեմատաբար փոքր խմբաքանակներով թմրանյութերի ապօրինի տեղափոխման փորձերի կանխման հարցում: Մասնավորապես նախորդ տարի շուրջ 1 տոննա հերոինի հայտնաբերումից զատ, վարչության աշխատակիցները եւս 14 դեպքով կանխել են մոտ 3.3 կգ ընդհանուր քաշով տարատեսակ թմրանյութերի ապօրինի տարանցման փորձեր, այդ թվում՝ 150 գրամ ափիոնի, մոտ 470 գրամ հաշիշի, 23 գրամ հերոինի, 2.6 կգ կանեփի, ինչպես նաեւ մի քանի տասնյակ  հաբերի տեսքով: Շարունակելով բացահայտումների հաջող պրակտիկան՝ ՆՀՎ աշխատակիցները 2015 թվականին եւս 2 դեպքով հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 63 գրամ ափիոնանման զանգված եւ մեկ դեպքով՝ մոտ 2.2 կգ սպիտակ փոշենման զանգված: Վերջին հայտնաբերումը մայիսի 31-ին էր: